Անգելա Մերկելն ընդգծեց ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլն ու նույնն անելու կոչ ուղղեց ադրբեջանական կողմին

«...վերջին հաշվով, կողմերը պետք է համաձայնության գան»
angela-merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել և շեշտում է, որ դա պահանջում է, որպեսզի դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի:

Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը կարծիք հայտնեց, որ խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ, և կողմերը պետք է պատրաստ լինեն դրան:

«Ես կարծում եմ, որ պարոն վարչապետը կշարունակի նույն կերպ, բայց, վերջին հաշվով, կողմերը պետք է համաձայնության գան»,- ասաց Մերկելը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ խիզախ քայլերի մասին խոսեց Գերմանիայի կանցլերը: «Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում: Ասել եմ, որ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի  լինել Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում: Եվ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք, ցավոք, չենք կարող ունենալ շատ մեծ հույսեր, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը նվիրված է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման տրամաբանությանը: «Մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես Հայաստանի  Հանրապետության  վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել:  Նրանք ունեն իրենց նախագահը, խորհրդարանը, կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

*

*