Փաշինյան. «Տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են: Հուշագիրը տալիս է վստահություն»

Ընդամենը 2 ամիս առաջ ընդդիմադիր Փաշինյանը ընդդիմադիր Մարուքյանին մեղադրում էր իշխանության հետ համագործակցելու համար:
dashinq-kus

Նախընտրական շրջանի առաջին քաղաքական միավորումն իրականություն է: Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր», Արամ Սարգսյանի «Հանրապետություն» եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին:

Քաղաքական այս միավորը, համաձայն հուշագրի՝ հետամուտ է լինելու Հայաստանում եվրոպական մոդելի պետության կառուցմանը: Եթե նախընտրական համագործակցությունը ստացվի՝ երեք ուժերը կսկսեն բանակցել նաեւ մեկ կուսակցություն ստեղծելու շուրջ:

Քաղաքական ուժերի առաջնորդները վստահեցրել են, որ դաշինք են կազմում հանուն Հայաստանի շահի եւ ընդդիմության միավորման: Ուշագրավ է, որ ընդամենը 2 ամիս առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր Էդմոն Մարուքյանին մեղադրում էր իշխանության հետ համագործակցելու համար:

Քաղաքական հուշագրում իշխանափոխության հասնելու մասին խոսք չկա, բայց ելույթներում խոսվեց այդ մասին:

«Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց՝ պայքարելու են իշխանության արատների դեմ՝ բացառիկ հոգատարությամբ.

«Որպես անքննելի եւ անբասիր ընդդդիմադիրներ, բժշկի հոգատարությամբ պետք է պայքարենք իշխող ուժից վարակի պես տարծավող ստի ու կեղծիքի դեմ»:

«Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին Մարուքյանը վստահեցրեց, թե այս պայքարում նրանք ձեռք են բերել «անառարկելի եւ անսակարկելի» գործընկերոջ: Գործընկերներից Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ արդեն հավատո՞ւմ է, որ Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր է:

«Նվազագույնը երկու ամիս առաջ, նվազագույնը երկու անգամ սակարկել, վիճարկել եք Մարուքյանի ընդդիմադիր լինելը: Հիմա էս հարցը Ձեզ համար սակարկելի, վիճարկելի չէ՞»,- մասնավորապես հարցրեց «Երկիրն այսօրի» լրագրողը:

«Տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են: Հուշագիրը տալիս է վստահություն, որ մենք հաղթահարել ենք տարաձայնությունները: Այսօր կա այն, ինչ կա. ունենք հուշագիր, եւ դրա վրա է հիմնվելու մեր հարաբերությունը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Դաշինքի մյուս ուժը՝ «Հանրապետությունը», դաշինքներում լինելու մի քանի փորձառություն ունի: Արամ Սարգսյանը հիշեց «Արդարություն» դաշինքը, ՀԱԿ-ը: Նա մտածում է, որ այս մեկը ուրիշ է.

«Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից: Եռյակը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով եւ ընդհանուր հայտարարի բերելով թե քաղաքական, թե աշխարհաքաղական, թե մարտավարական, թե ռազմավարական ու ապագային միտված բոլոր հարցերը»:

Գաղափարական հենքը կա, հարցերը ճշտված են, միասնական կուսակցություն ստեղծելուն դեմ չեն, բայց չեն շտապում: Եթե համագործակցությունը արդյունավետ լինի, մեկ կուսակցության շուրջ կսկսեն բանակցել ընտրություններից հետո, իսկ նախընտրական այս փուլում քննարկվող հացերը նախընտրական են. ով է լինելու ցուցակի առաջին համարը, դաշինքի վարչապետի թեկնածուն: Դաշինքում, ի դեպ, երկու վարչապետ կա՝ Արամ Սարգսյանը՝ նախկին, Նիկոլ Փաշինյանը՝ ստվերային. Փաշինյանին կուսակցությունը ստվերային կառավարության վարչապետ էր հռչակել սեպտեմբերին:

*

*