Փաշինյանի 5-րդ մամուլի ասուլիսը տևողությամբ ու հարցերի քանակով գերազանցեց նախորդներին

«Իմ երազանքների ասուլիսն այն է, որ վերջին լրագրողն այստեղից դուրս գա, գնա, էլ մարդ չլինի, ես ամենավերջինը գնամ...»

Պաշտոնավարման մեկ տարին ամփոփելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսը տևեց հինգուկես ժամ` այդպիսով գերազանցելով նախորդ 4 ասուլիսներին իր տևողությամբ: Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսի սկզբում ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին, այնուհետև պատասխանեց 60-ից ավելի հարցերի:

Ասուլիսի ընթացքում վարչապետին տրված հարցերը վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, երկրում ընթացքող դատաիրավական գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, սահմանային լարվածությանը և մի շարք այլ թեմաների:

Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ 10:30-ին սկսված մամուլի ասուլիսն ընդհատել միայն 16:00-ին, երբ նշեց, որ պետք է ուղևորվի Ազգային ժողով` մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին:

Վարչապետը նշեց, որ մամուլի ասուլիսը դադարեցնելու ցանկություն չունի, սակայն ստիպված է:

«Սա էլ իմ երազանքի ասուլիսը չստացվեց, քանի որ պետք է Ազգային ժողովում մասնակցեմ հարցուպատասխանին: Իմ երազանքների ասուլիսն այն է, որ վերջին լրագրողն այստեղից դուրս գա, գնա, էլ մարդ չլինի, ես ամենավերջինը գնամ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հաջորդ մամուլի ասուլիսները մարզերում անցկացնելու մտադրություն ունի, և հնարավոր է, որ առաջինը կայանա Շիրակի մարզում:

*

*