Կայացել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը. կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգային հարցեր

Վարչապետը կարևորել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը․․․
pashinyan-makron

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում: Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան` Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի խորացմամբ և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն վերընթաց զարգանալ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, ապակենտրոնացված դինամիկ շփումներ, տնտեսական համագործակցություն, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ բնագավառներում ծրագրերի իրականացում, բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:

«Համոզված եմ, որ մեր հանդիպումը նոր որակ կհաղորդի մեր առանձնաշնորհյալ հարաբերություններին, որոնք հիմնված են դարավոր պատմական բարեկամության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը և հավելել, որ այն ՀՀ անկախությունից ի վեր Երևանում կայացող կարևորագույն իրադարձություններից մեկն է:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի   վերաբերյալ և կարևորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ֆրանսիայան հարաբերությունների համընդգրկուն օրակարգն ավելի մանրամասնորեն քննարկել Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում:

mailservice

*

*