Երկու հարց եմ ուզում տալ Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլի» այն անդամներին, ովքեր 2008֊ին Տեր֊Պետրոսյանին աջակցում էին. Վահան Իշխանյան

«Եթե նրանք չնկատեն կամ չպատասխանեն, ապա...»
levon-ter-petrosyan-nikol-pashinyan33 (1)

Հասարակական գործիչ, լրագրող Վահան Իշխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր, բացառությամբ 1991-ի նախագահական և որոշ վերապահումներով 1999 թվի ԱԺ ընտրությունների, բոլոր ընտրությունները կեղծվել են, և որ Հայաստանի խնդիրների 90-100 տոկոսը կապված են եղել ընտրակեղծիքների հետ։ Նա նաև պետության անունից ներողություն խնդրեց բոլոր տարիների քաղաքական հալածյալներից։

Գնահատելով վարչապետի անաչառությունը` կարևոր է նաև մի քանի հարցեր պարզաբանել պատկերցնելու համար նրա և «Իմ քայլը» դաշինքի մյուս անդամների գաղափարները։ 

Եթե հարցնեն՝ ո՞վ է ստեղծել լամպը, անմիջապես կպատասխանեն` Էդիսոնը։

Իսկ եթե հարցնեն՝ ո՞վ է ստեղծել Հայաստանում ընտրակեղծիքները, անմիջապես կպատասխանեն` Լևոն Տեր֊Պետրոսյանը: Նրա նախագահությամբ են անկախ Հայաստանում առաջին անգամ ընտրությունները կեղծվել՝ 1995 թվի հուլիսի 5-ին` անկախ Հայաստանի ԱԺ առաջին ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի ժամանակ, իսկ ընտրակեղծիքների անմիջական կատարողն էլ ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է եղել։ Ապա Տեր֊Պետրոսյանն է շարունակել իր ու ՀՀՇ֊ի ներդրած ընտրակեղծիքները 1996 թվի նախագահական ընտրություններին, որ ինքը մնա նախագահ։ Նրանից հետո եկողները միայն շարունակել են աշխատեցնել իր ստեղծած ընտրակեղծիքների մեքենան։

Երկու հարց եմ ուզում տալ Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլի» այն անդամներին, ովքեր 2008֊ին Տեր֊Պետրոսյանին աջակցում էին.

1. 2008֊ին ինչո՞ւ էիք ուզում նախագահ դարձնել նրան, ով երկրում ընտրակեղծիքների հեղինակն է, այսինքն մեկը, ով Հայաստանի խնդիրների 100 տոկոսի հեղինակն է։ Մանավանդ, ի տարբերություն Էդիսոնի, նա չի ընդունում, որ ինքն է իր արածի հեղինակը։

2. Հետընտրական բողոքի ընդվզումներ եղել են 1996, 2003-2004, 2008, 2013 թվերին, որոնց ժամանակ այս կամ այն չափով բախումներ են եղել, բայց միայն 2008֊ին մարդիկ զոհվեցին, ինչո՞ւ։ Հիշեցնեմ նաև, որ մի տեսագրության մեջ 1996 թվի ցույցերի հետ կապված ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն ասում էր որ պետք լիներ 800 հոգի էլ կսպանեինք, բայց «առիթ» չեղավ։ Արդյո՞ք պատահականություն է, որ երկրում ընտրակեղծիքների հեղինակն ու մարտի մեկին ընդդիմության առաջնորդը նույն մարդն էր, և արդյո՞ք երկու դեպքում էլ՝ և′ ընտրակեղծիքների, և′ զոհերի պատճառը Տեր֊Պետրոսյանի երկրի ու մարդկանց կյանքի առաջ պատասխանատվության դեֆիցիտը չէր:

Եթե նրանք չնկատեն կամ չպատասխանեն` կխնդրեի լրագրողներին այս հարցերը տեղ հասցնել նրանց»:

*

*