Փաշինյանը կարևորեց միջազգային հանրության խիստ արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր...
pashinyan-latvia

Լատվիան Հայաստանի համար բարեկամ երկիր է: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս մասին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կողմերը քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ժողովրդավարական փոփոխություններն այս երկրները միմյանց ավելի մոտ կդարձնեն:

«Ակնկալում ենք նաև ԵՄ աջակցությունն այս ճանապարհին՝ ավելի ուժեղ դարձնելու մեր երկիրը»,- նշեց նա:

Անդրադառնալով ԼՂ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողություններին՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը շփման գծում շարունակում է իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաև Ադրբեջան»:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հավա­տարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակ­ցային գործընթացին և հավելեց, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը սրելու փորձերին:

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

*

*