Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել. Փաշինյան

Նոյեմբերյանցիները հանրահավաքի ժամանակ պարզել էին «Վերադարձրեք մեր Կարենին» գրությամբ պաստառներ:
nikol-pashinyan-talin (1)

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «Իմ քայլ»-ը դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպելու է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողների հետ:

Նոյեմբերյանցիները հանրահավաքի ժամանակ պարզել էին «Վերադարձրեք մեր Կարենին» գրությամբ պաստառներ:

Փաշինյանը նշեց, որ Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ: Ադրբեջանական կողմը կիսապաշտոնական առաջարկ է արել, որպեսզի մեր կողմում եղած 3 գերիները փոխանակենք իրենց մոտ եղած 3 գերիների հետ․ «Բայց իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ, որովհետև Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են` մեկը` 20 տարի ազատազրկման, մյուսը` ցմահ, որովհետև նրանք Արցախի Հանրապետության երկու քաղաքացի են սպանել, ընդ որում` 15 տարեկան տղայի իր տան մեջ: Դուք տեսաք, որ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջանին, նրանից ազգային հերոսի կերպար ստեղծեցին: Եվ պարզ է` երկու ոճրագործներից, եթե նույնիսկ Արցախի Հանրապետությունը համաձայնի վերադարձնել, ռամիլսաֆարովներ են կերտելու: Մենք ուզո՞ւմ ենք այդպիսի բան»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ դիվանագիտական բոլոր ջանքերը կշարունակեն գործադրել, որ հարցը կարողանան լուծել։ «Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել: Մենք այս հարցն ավելի ու ավելի կբարձրացնենք միջազգային բոլոր ատյաններում, նաև` երկկողմ շփումներում»,- եզրափակեց Փաշինյանը։

*

*