Փաշինյանը չի շտապում հրաժարական տալ

Հրաժարականից հետո խորհրդարանում նոր վարչապետի ընտրության վարկածը Փաշինյանն անհավանական է համարում
nikol-pashinyan-hanrahavaq

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, մի քանի օր առաջ իր հայտարարած հրաժարական տալու քայլի վերաբերյալ։ Լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ եթե դա միայն իր որոշումը լիներ, արդեն հրաժարական կտար: Բայց հաշվի առնելով հանրության արձագանքը՝ որոշել է եւս մեկ անգամ մտածել այդ սցենարի շուրջ:

Իր հավանական հրաժարականից հետո խորհրդարանում նոր վարչապետի ընտրության վարկածը Նիկոլ Փաշինյանն անհավանական է համարում, քանի որ, ըստ նրա, ժողովուրդը նման զարգացում թույլ չի տա:

Վարչապետը եւս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, եւ նշել է, որ այս հարցը քննարկելու է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ առաջիկայում քննարկումներ կլինեն նաեւ Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Ի դեպ, Դաշնակցության հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը մեր գործընկերոջ ճշտող հարցին ի պատասխան հայտնել է, որ Փարիզում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ոչ թե դաշնակցական առանձին կառույցների ներկայացուցիչների, այլ ընդհանուր կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ։

*

*