Հայաստանում բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Euronews-ին...
nikol-pashinyan

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է երկրի անկախության ամրապնդումը, ինքնիշխանության պաշտպանությունն ու անվտանգությունը: Այս մասին Euronews-ի լրագրողի հետ զրույցում Բրյուսելում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ հետ ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: «Մեր կառավարությունը լի է վճռականությամբ՝ կյանքի կոչելու համաձայնագիրը: Դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, ինստիտուցիոնալ մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի կանխարգելման համար»,- նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը քննարկում է էներգետիկայի ոլորտում բազմակողմ համագործակցության հնարավորությունները՝ այդ թվում և Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և ԵՄ հետ:

Անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ցանկացած՝ այդ թվում և տնտեսական ու քաղաքական գործընթացներում ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց»:

Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ավտորիտար իշխանությունը կամ բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ:

«Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

 

*

*