Փաշինյանը մանրամասնեց Խաչատուրովին կալանավորելու մասին ԱԱԾ տնօրենի հետ ունեցած խոսակցությունը

«Lինում են դեպքեր, որ փորձ է արվում, ավանդույթների համաձայն, ինձ հետ ճշտել...»
nikol-pashinyan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշման մասին իմացել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու հետ կապված ԱԱԾ տնօրենը կամ ՀՔԾ պետը իր հետ խոսե՞լ են, և, եթե խոսել են, ի՞նչ են ասել:

«Երբ ես Հատուկ քննչական ծառայության պետի թեկնածու եմ առաջադրել, ես թեկնածուի հետ ունեցել եմ հետևյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, և, եթե քննության օբյեկտիվ ընթացքը որևէ պարագայում հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտության` հանուն քննության շահերի, ուրեմն նա պետք է այդ գործողությունն անի` անկախ նրանից, թե ում մասին է խոսքը:

Դրանից հետո ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում, ավանդույթների համաձայն, ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ կարելի է Հայաստանում օբյեկտիվ քննություն իրականացնել և, եթե  մաքուր իրավական տեսակետից որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունները քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն: Եվ տվյալ դեպքում, ես իմացել եմ ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն նման որոշում է կայացնում: Ես տեղեկացել եմ իրավիճակի մասին, այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում  էի: Քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք՝ քաղաքական որևէ խոչընդոտ չկա, իսկ եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, ձերբակալել, դա պետք է տեղի ունենա: Ես այս դիրքորոշումը վերահաստատում եմ Ազգային ժողովի ամբիոնից, վերահաստատել եմ նախկինում ու կվերահաստատեմ ապագայում»,- ասաց վարչապետը:

*

*