«Մեր երկրների շահերը մեծամասամբ համընկնում են»․ ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել Russia Today-ին

Ինչ վերաբերում է նրան, թե որոնք են երկու երկրների միջև...
pashinyan (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները որակում է որպես լավ ու անմիջական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Russia Today-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այդ հարաբերությունները ձևավորվել են հենց առաջին րոպեներից և իրենց միջև մութ անկյուններ չկան։

Անդրադառնալով հարցադրմանը՝ արդյո՞ք Ռուսաստան այցելությունների նման հաճախականությունը կարող է փաստել, որ երկու երկրներին բաժանել փորձող մարդիկ սխալվել են, վարչապետը պատասխանել է՝ «այո»: Նրա խոսքով՝ որոշ մարդիկ ցանկանում են իրադրությունն այլ լույսի ներքո ներկայացնել: «Հիմա այդ մասին շատերն են խոսում, շատ հրապարակումներ կան ռուսական մամուլում այդ մասին, որոնց հեղինակները այնքան էլ լավ չեն հասկանում՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս ամենը ներկայացնել այլ լույսի ներքո: Նրանք ցանկանում են ցույց տալ, թե իբր Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր: Բայց հայկական հեղափոխության գործընթացում ընդհանրապես նման աշխարհաքաղաքական ու արտաքին քաղաքական ենթատեքստեր չեն եղել: Այն ներքին, հայկական գործընթաց էր»,-ավելացրել է պաշտոնյան:

Ինչ վերաբերում է նրան, թե որոնք են երկու երկրների միջև ամենախնդրահարույց հարցերը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդպիսիք չկան։ «Հայաստանն ու Ռուսաստանն ինքնիշխան երկրներ են: Ես կարծում եմ՝ մեր երկրների շահերը մեծամասամբ համապատասխանում են իրար, բայց կարող են լինել որոշակի նյուանսներ, որոնց շուրջ կարող են լինել անհամաձայնություններ: Գլխավորը մթնոլորտն է, որում մենք քննարկում ենք այդ հարցերը: Ես կարծում եմ՝ մենք կարող են հասնել համաձայնության»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ փաստաթղթի վավերացումը Եվրամիության երկրներում արդեն սկսվել է:

*

*