«Հպարտ եմ յուրաքանչյուրիդ աչքերի մեջ նայելով ասելու` մեր ուխտը դրժված չէ»․ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 17-ի հանրահավաքի վայրը հուզել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
nikol-pashinyan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Երևանի Ավան վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 17-ի հանրահավաքի վայրը հուզել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանի խոսքով` այդ ուխտն այսօր նորոգվում է նոր թափով, որովհետև հանրահավաքին ներկաների մեծամասնությունը կազմում են երեխաները, ովքեր Հայաստանի վաղվա օրն են:

Նիկոլ Փաշինյանը վարչական շրջանի բնակիչներին ու ՀՀ քաղաքացիներին հայտնեց, որ իրենց հետ կապած ուխտը դրժված չէ և պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ բաբախում է իր սիրտը:

«Ես ուզում եմ այսօր ուղիղ նայել գարնանային այդ օրը մեզ հաց հյուրասիրած բազմաթիվ հայրենակիցների աչքերի մեջ ոչ միայն Ավանում, այլև` հանրապետության ողջ տարածքում, որովհետև մենք երկրի ամեն անկյունում հացով, արցունքով, պայքարով ու ժպիտով սրբազան ուխտ ենք կնքել յուրաքանչյուր քաղաքացու հետ: Ես այսօր հպարտ եմ յուրաքանչյուրիդ աչքերի մեջ նայելով ասելու` մեր ուխտը դրժված չէ, ձեր հացը հարամ արված չէ, ձեր հացի սրբությունը պահված է և պահվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իմ սիրտը բաբախում է: Ես դա ձեզ ասում եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով, որովհետև քրիստոնեական մեր հավատքը ասում է` մի երդվիր, թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ: Մենք ոչ ենք ասել կոռուպցիային, քծնանքին, թալանին, կեղծավորության, ստին, կեղծիքին: Այո ենք ասել քաղաքացուն, այս երեխաներին ու իրենց ապագային, մեր սրբազան նահատակներին: Նրանց գերեզմանների առաջ ասել ենք, որ Հայաստանը լինելու է ազատ, հզոր և երջանիկ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանն իր ելույթը չցանկացավ ավարտել որևէ քաղաքական հայտարարությամբ` չցանկանալով նսեմացնել իր սկզբնական ելույթի արժեքը:

*

*