ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին

Նիկոլ Փաշինյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել են
pashinyan-federika-mogerini

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է` ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի վստահելի գործընկերն է, և մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էլ ավելի սերտացրին արժեքային ընդհանրություններ ունեցող Հայաստանի և Եվրամիության կապերը: ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է շարունակել և էլ ավելի զարգացնել արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, վիզաների ազատականացման գործընթացին, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին ԵՄ աջակցությանը և երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում:

*

*