ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Փաշինյանը կմասնակցի Լոս Անջելեսի Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով
nikol-pashinyan (1)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Այս մասին ՀՀ վարչապետի գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Գյումրիից թռանք Լոս Անջելես»,- գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սեպտեմբերի 22-ին Փաշինյանը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:

*

*