Նիկոլ Փաշինյանը՝ Ալիկ Սարգսյանին․ «Մենք մերժել և մերժում ենք բռնությունը»

Նիկոլ Փաշինյանն անհնար է համարում իրադարձությունների զարգացման որևէ սցենար, որը կհանգեցնի բռնության:
nikol-pashinyan (4)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն անհնար է համարում իրադարձությունների զարգացման որևէ սցենար, որը կհանգեցնի բռնության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց ի պատասխան Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի հնչեցրած հարցի, թե վարչապետ չընտրվելու պարագայում պայքարի ինչ ձև է ընտրելու, արդյոք հնարավոր է կոշտ պայքար, որը կարող է տանել առճակատման, պառակտման կամ անհանդուրժողականության:

«Առաջին օրից այս քաղաքական պայքարը եղել է բաց ձեռքերի, ոչ բռնի քաղաքական պայքար, և ես չեմ պատկերացնում իրադարձությունների զարգացման որևէ սցենար, որ մեզ դուրս բերի այդ տրամաբանությունից և գաղափարաբանությունից: Մենք մերժել և մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլևս որպես հակագործողություն: Դա նշանակում է, որ մենք ոչ միայն բռնություն չենք գործադրելու, այլև մեր նկատմամբ հնարավոր բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու»,- ասաց վարչապետի թեկնածու Փաշինյանը:

«Հաշվի առնելով այսօրվա այն դժվարին մարտահրավերները, որ մեր երկրի առջև են ծառացած, կառաջարկեի, որ առողջ երկխոսություն, այնուամենայնիվ, կայանար: Բոլոր կամուրջները քանդելու իմաստը չեմ տեսնում»,- նկատեց Ալիկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ պատմություն ու ճանապարհ անցած անձանց փորձը փոխանցելը որևէ մեկին վնաս չի բերի:

«Մեր կառավարության առաջնային նպատակը լինելու է համերաշխության դրսևորումը, և ես կարող եմ շատ ուղիղ ասել, որ այսօր իմ վարչապետ ընտրվելուց հետո անմիջապես կձեռնարկեմ երկխոսության գործընթացը խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ առանց բացառության, այդ թվում և Հանրապետական խմբակցության հետ: Այսօր ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի և դա պետք է լինի երկխոսության հիմքը, և ես պատրաստ եմ դրան»,- հայտարարեց Փաշինյանը:

 

*

*