«Չենք անելու որևէ բան, որն արցախյան հարցի կարգավորման բանակցությունները փակուղի կտանի». Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ալիեւի հայտարարությանը...
Zohrab

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ երկու կողմերը միասին կհայտարարեն:

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Համաձայնեցնում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք: Այդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք: Այստեղ կողմերի միջև միմյանց հարգելու խնդիրն է, որ մենք միաժամանակ, համաձայնեցված ենք հայտարարում հանդիպման ժամկետների և վայրի մասին: Այժմ այդ ուղղությամբ աշխատվում է»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը և այն դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, նշեց, որ չեն անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի կտանի:

«Մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու հարցը, ըստ ԱԳ նախարարի, շատ գործնական հարց է՝ ընդունելու, որ ԼՂՀ-ն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն, և որպեսզի արդյունավետ աշխատեն բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, պետք է պրակտիկ առումով ընդունել այդ որոշիչ ձայնի ներգրավվածության արտահայտումը:

 

*

*