Փաշինյանը կոչ է անում այլ քաղաքական ուժերին՝ վարչապետի սեփական թեկնածու չառաջադրել

Խոսելով ապրիլի 29-ի միջոցառումների մասին՝ Փաշինյանը նշեց․․․
pashinyan-vanadzor

Եթե մայիսի 1-ին, Ազգային ժողովում կայանալիք քվեարկության ժամանակ, վարչապետ ընտրվի ցանկացած այլ թեկնածու, ապա բողոքի ակցիաները ողջ հանրապետությունում շարունակվելու են տասնապատիկ ծավալով: Նման հայտարարությամբ Վանաձորի Հայքի հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում հանդես եկավ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

« ՀՀԿ-ն հայտարարել է, որ վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրելու: Սակայն ճիշտ կլինի, որ Հանրապետական խմբակցությունն այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու առաջադրի ժողովրդի թեկնածուին: Պատրաստակամ եմ հանդիպել ՀՀԿ բոլոր պատգամավորների հետ: Եթե նրանք անեն իրենց քայլը, ապա կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակները»,- ասաց Փաշինյանը՝ կոչ է անում այլ քաղաքական ուժերին վարչապետի սեփական թեկնածու չառաջադրել:

Նրա խոսքով՝ շատերը փորձում են ներկայացնել, թե իրադարձությունները պտտվում են անձերի շուրջ, թե ով պետք է զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Իրականում, ըստ Փաշինյանի, խոսքն այլ բանի մասին է՝ թե արդյո՞ք այս քաղաքական ճգնաժամը լուծվելու է, թե՞ շարունակվելու է նաև հետագայում:

Խոսելով ապրիլի 29-ի միջոցառումների մասին՝ Փաշինյանը նշեց, որ ժամը 12:00-ից ՀՀ ողջ տարածքով և մայրաքաղաքում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Երեկոյան 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, հետևաբար՝ 16:00-ին բոլոր ճանապարհները բացվում են, որպեսզի ժողովուրդը անարգել կարողանան հասնել հանրահավաքին:

 

*

*