Փաշինյանն ԱԳՆ-ին հանձնարարել է զբաղվել անօրինությամբ դիվանագիտական ծառայությունից ազատված անձանց հարցերով

Փաշինյանն արտաքին գործերի նախարարին հանձնարարել է վերականգնել արդարությունը...
nikol-pashinyan (6)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարարին հանձնարարել է վերականգնել արդարությունը անօրինությամբ աշխատանքից զրկված դիվանագետների հարցերով:

Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

«2008-ի նախագահական ընտրություններից հետո վստահաբար հիշում եք, որովհետև հայտարարության տեքստը, եթե չեմ սխալվում հանրահավաքում կարդացիք դուք, 10 դիվանագետներ, փոխնախարար, դեսպաններ, ԱԳՆ վարչության պետեր, աշխատակիցներ հայտնեցին իրենց աջակցությունը ժողովրդական շարժմանը, ինչի արդյունքում հղում անելով, իբր, դիվանագիտության ծառայության մասին օրենքին, նրանք ազատվեցին աշխատանքից: Այսօր չե՞ք կարծում, որ ժամանակն է այդ մարդկանց իրավունքները վերականգնելու, որպեսզի մեր երկրում դիվանագիտությամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե փոքր ու միջին բիզնեսմենները կամ նրանց հավասարեցված այլ մարդիկ, որոնք դիվանագիտության հետ որևէ առնչություն չունեն»,- նշեց Զոհրաբյանը:

Փաշինյանի խոսքով՝ նրանցից Արմեն Բայբուրդյանն արդեն նշանակվել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոս:

«Այդ կապակցությամբ ես հանձնարարական եմ տվել ԱԳ նախարարին, և գիտեք, որ այդ մարդկանցից Արմեն Բայբուրդյանն արդեն իսկ նշանակվել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոս, և հիմա ԱԳ նախարարն իմ հանձնարարությամբ զբաղվում է այդ խնդրով, որպեսզի այնտեղ, որտեղ առնչվում ենք արդարության վերականգնման հետ, արդարությունը վերականգնվի»,- նշեց Փաշինյանը:

 

 

*

*