Հայաստանում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորություն. Փաշինյան

«Աղքատության հաղթահարում ասելով՝ շատ դեպքերում հասկացվում է նման ընտանիքներին սնունդ, հագուստ...»
nikol-pashinyan (1)

ՀՀ կառավարությունն աղքատության հաղթահարման գործում շատ կարևոր է համարում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում նշեց, որ օրենսգրքի փոփոխություններով պլանավորում են Հայաստանի տնտեսական համակարգում ներմուծել նոր հասկացություն: Այն է միկրոբիզնես, որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից: Խոսքը մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի մասին է: Նա տեղեկացրեց, որ այս կատեգորիայի ներքո կլինեն նաև անհատ տաքսու վարորդները: Ըստ նրա՝ սա կարևոր նորամուծություն է սոցիալական խնդիր լուծելու համար:

«Այն հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնես սկսելու հարցում: Ընդհանրապես, Հայաստանում աղքատության հաղթահարման մեթոդների վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ: Աղքատության հաղթահարում ասելով՝ շատ դեպքերում հասկացվում է նման ընտանիքներին սնունդ, հագուստ, այլ նյութական պարագաներ մատակարարելը: Դա արվում է առանց պատասխանելու այն հարցին, թե ինչ է լինելու մեկ տարի հետո: Եթե խնդիրը արմատապես չլուծվի, ապա նման մոտեցումը ծառայելու է կոռուպցիային: Հետևաբար` պետք է մարդկանց օգնել, որ գործ սկսեն, իրենց գործունեությունն ընդլայնեն: Աղքատության հաղթահարման մեր պատկերացումը աշխատանքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորություն: Դրա համար պետք է հարկային բարենպաստ պայմաններ ստեղծել, ընդլայնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը, օգնել բիզնես կրթության մակարդակը բարձրացնելու հարցում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ պետք է հասարակության շրջանում հարկ վճարելու գործում մոտեցումը փոխվի: Բոլորը պետք է հասկանան, որ կենսաթոշակների բարձրացման, ճանապարհների վերանորոգման և այլ հարցերը կարգավորելու համար բյուջեում պետք է գումար լինի: Դրան հասնելու համար յուրաքանչյուրը պետք է հարկ վճարի:

*

*