Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել․ վարչապետը պատասխանել է ադրբեջանցի լրագրողին

«Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որևէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար»
pashinyan-parise

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկմանը: Այն վարել է «Նյու Յորք Թայմս Եվրոպայի» գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էլանգերը: Վարչապետին հրավիրելով ելույթի` Սթիվեն Էլանգերը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր մարդ է և ինքը հատուկ վերաբերմունք ունի նրա հանդեպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի անգամ եղել է բանտում, այնուհետև դարձել է իր երկրի վարչապետը: «Սա մի շատ արտասովոր ճանապարհ է։ Ես Մոսկվայի նախկին թղթակից եմ, եղել եմ Ձեր երկրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ լինելու համար»,- ասել է Էլանգերը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է քննարկմանը մասնակից, Վարդենիսում ծնված ադրբեջանցի բլոգերի` Լեռնային Ղարաբաղի հետ կապված ՄԱԿ-ի բանաձևերի, Արցախին Ադրբեջանի կազմում բարձրագույն ինքնավարություն տրամադրելու, հայկական ազգանուններով քաղաքացիների` Ադրբեջան մուտք գործելու մասին հարցին:

«Նախևառաջ Վարդենիսի մասով. եկեք հիշենք ժամանակները, երբ հայերն ապրում էին Ադրբեջանում, և երբ ադրբեջանցիներն ապրում էին Հայաստանում։ Ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակները։ Ադրբեջանի հայերը սպանվեցին Սումգայիթում, հետո սպանդը շարունակվեց Բաքվում, դա տարածվեց նաև Ղարաբաղում և այլն։ Հայ չմնաց Ադրբեջանում, նրանք հաճախ առանց հագուստ վերցնելու էին փախուստի դիմում։

Իսկ Հայաստանի ադրբեջանցիների հետ ի՞նչ եղավ։ Հայկական կառավարության որոշմամբ՝ հատուկ ավտոբուսներ տրամադրվեցին նրանց, ոստիկանությունն էր ուղեկցում, և որևէ ադրբեջանցի չվիրավորվեց այս ողջ գործընթացքում։ Այս նկարագրությունները շատ ցայտուն վկայությունն են կոնֆլիկտի ողջ պատկերի։

Դուք Ձեր հարցում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս. ճիշտ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստանձնած առաքելությունը հենց դա է. միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոնման հարցում։ Եվ ինչո՞ւ է Ադրբեջանը ներգրավված այս բանակցությունների գործընթացում՝ որպես կողմ, եթե Ղարաբաղն արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված իր հատվածն է։ Դա տարօրինակ չէ՞։

Ես ակնկալում եմ գտնել կոնֆլիկտի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես սա հայտարարել եմ Ստեփանակերտում, և մեկ տարի է՝ սպասում եմ լսելու նմանօրինակ մի հայտարարություն Ադրբեջանի կառավարությունից։ Անձնապես խնդրել եմ պարոն Ալիևին բեկում մտցնել այս գործընթացում։ Բայց, դժբախտաբար, նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սևանա լիճը կամ մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածքներ են։ Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել։ Իսկ ինչ էիք սպասում, որ ես հայտարարեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում են, որ գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրն ու Երևանը: Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որևէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար»,- ասել է վարչապետը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*