Փարպիում ԱԺ ընտրությունների արդյունքները չեղարկվել են

Ապրիլի 2-ին ՀՅԴ-ի կողմից Փարպի համայնքում ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոք էր ներկայացվել:
aghvan-vardanyan

Yerkir.am— Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, բնական է, առանց խախտումների չեն ընթացել: Հենց ապրիլի 2-ին ՀՅԴ-ի կողմից ԿԸՀ էր ներկայացվել դիմում-բողոք Արագածոտնի մարզի Փարպի համայնքում ընտրախախտումների վերաբերյալ:

ԿԸՀ-ից հայտնեցին, որ դիմումը վերահասցեագրման կարգով ներկայացվել է թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով, որը, դիմումը քննելով, կայացրել է որոշում` անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, իսկ վարույթով ձեռք բերված նյութերն ուղարկվել են դատախազություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր ճեպազրույցում, անդրադառնալով Փարպիում ստեղծված իրավիճակին հայտարարել էր, որ Փարպիում քաշքշոցներ, տեղամասերում խառնաշփոթ և ակնհայտ բաց քվեարկություն ու ուղղորդումներ են գրանցվել:

«Ի դեպ, ուղղորդումները ասես դարձել են շատ տեղամասերում հիմնական խախտման միտող ուղղությունը: Փարպիի համար մենք արդեն ահազանգել ենք` դիմել ենք ԿԸՀ նախագահին և գլխավոր դատախազին, որպեսզի փորձեն այնտեղ կարգուկանոն հաստատել: Բացի այդ` մեր տեղամասային հանձնաժողովին զգուշացվել է, որ խախտումների կրկնվելու դեպքում անպայման այդ տեղամասի վրա բողոք պետք է արձանագրվի»,- ասել էր նա եւ ընդգծել, որ շատ հաճախ տեղամասերից դուրս աշխատանքը, որ պետք է անի ոստիկանությունը, անում են լրագրողները, իսկ ներսում` շատ տեղերում, որտեղ պետք է հանձնաժողովների անդամները, վստահված անձինք իրենց գործառույթները կատարեն, այդ գործը դարձյալ մի մասով մնացել է լրագրողների վրա:

Ուշագրավ էր ոստիկանության պարզաբանումը Վարդանյանի նկատառումներին: «Համոզված, որ ՀՀ ԱԺ պատգամավորը և փորձառու քաղաքական գործիչը քաջատեղյակ է ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կցանկանայինք հավատալ, որ հանիրավի դժգոհությունը պայմանավորված է եղել այդ պահին կոնկրետ իրավիճակի մանրամասների չիմացությամբ»,- ասված էր ոստիկանության պարզաբանման մեջ:

ԿԸՀ-ի կողմից Փարպի համայնքի ընտրությունների չեղյալ համարվելը միայն մեկ բան է նշանակում` խախտումներ, որոնց մասին բարձրաձայնում էր Դաշակցությունը, եղել են, եւ ոստիկանությունն էլ, այդուհանդերձ, թերացել է իր աշխատանքների կատարման մեջ, իսկ Վարդանյանի հայտնած դժգոհությունը տեղի էր:

Հիշեցնենք, որ Փարպին նախկին ԲՀԿ-ական, բայց այս ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Բազմասեր Առաքելյանի հայրենի գյուղն է:

*

*