Oսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում եւ Քոչարյանից անընդհատ տարանջատվելու խնդիր չի տեսնում

Նա այսօր պատասխանել է լրագրողների հարցերին:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծելու: Մամուլն այս մասին սկսեց գրել ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո: Օսկանյանն այդ լուրերը ո՛չ հերքում էր, ո՛չ հաստատում:

Երեկ նա որոշակիացրեց այս հարցի շուրջ ամիսներ ձգված անորոշությունը ու հաստատեց լրատվամիջոցների տեղեկությունը: Նոր կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի:

Վարդան Օսկանյանն այսօր Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին:
Կուսակցությունը դեռ հիմնադրված չէ ու անուն չունի. հիմնադիր համագումարն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերին: Վարդան Օսկանյանն ասաց, որ մինչեւ կուսակցություն ստեղծելու որոշում կայացնելը՝ խոսել է հասարակական տարբեր շրջանակների, երիտասարդների հետ ու եկել է դրական եզրահանգման: Գիտեն, թե ինչ ռեսուրսներով են ստեղծելու կուսակցությունը.

«Վարդան Օսկանյանի ռեսուրսով, կուսակցության ծրագրով, մեր անելիքներով, երկրի նկատմամբ մեր տեսլականով»,- ասաց նա:

Հարցին՝ ո՞րն է Օսկանյանի ռեսուրսը, նախկին արտգործնախարարը պատասխանեց, թե 91 թվականից Հայաստանում է, իր ամբողջ գործունեությունը ժողովրդի առջեւ է, 25 տարվա կուտակված փորձ ունի: 25 տարիների մեծ մասը Վարդան Օսկանյանը համագործակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց Քոչարյանը, նրա տեղեկացմամբ, նոր կուսակցության հետ կապ չունի: Ասաց, թե չունի նաեւ խնդիր՝ դա անընդհատ կրկնելու. «Ես ինձ չեմ դնելու էն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից, ես էդպիսի խնդիր չունեմ»:

Քոչարյանի իշխանության տարիները Օսկանյանը դրական է գնահատում, բայց դժվարացավ պատասխանել՝ թե ինչպե՞ս կանդրադառնա իրենց անցած համագործակցությունը նոր կուսակցության հեղինակության ու հանրային ընկալման վրա. մարտի 1-ի ողբերգության մասին էլ ասաց, թե դա իրականության սեւ էջերից է, ինչի համար այն օրերի իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում: Ինքն այդ իշխանության մաս է եղել, բայց կարծում է, որ շահեկանորեն տարբերվում է բոլոր մյուս քաղաքական գործիչներից։

«Օդում զգալով, որ լարված իրավիճակ է եւ նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել: Ես համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առջեւ եւ կոչ անել իշխանություններին ու ընդդիմությանը, որ կարողանան երկխոսության մեջ մտնենք, որպեսզի խուսափենք բախումներից»:

Վարդան Օսկանյանն այսօր դեռ ԲՀԿ խմբակցության անդամ է, բայց առաջիկայում կարող է դուրս գալ խմբակցությունից: Օսկանյանն ասաց՝ չի ուզի, որ ԲՀԿ-ն քայքայվի կամ տկարանա, բայց նրա կուսակացությանը, արդեն հայտնի է, կանդամակցեն նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դրանից չի անհանգստանում. ասում է, կորիզը, միեւնույն է, մնում է:

*

*