Սեյրան Օհանյանի հետ ԱԺ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ գաղտնի ձայնագրություն է արվել

Վահրամ Բաղդասարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին հայտարարության մասին...
Seyran-Ohanyan

yerkir.am — ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին հայտարարության մասին, որ ինքը չի ցանկանում ճանապարհ անցնել ինֆորմացիան դուրս տանող պատգամավորների հետ:

Հիշեցնենք, որ պատգամավորները պահանջել էին փակ հանդիպում անցկացնել Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները սահմանին տիրող իրավիճակի, ապրիլյան ռազմական բախումների և այլ հարցերի մասին: Սակայն փակ հանդիպման մանրամասները որոշ պատգամավորներ հայտնել են որոշ լրատամիջոցների, ինչը դուր չի եկել Սեյրան Օհանյանին:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այդ փակ հանդիպմանը եղել են ոչ միայն ՀՀԿ, այլ նաև այլ խմբակցությունների ղեկավարներ:

«Շատ ցավում եմ, որ ոչ միայն տեղեկություններ են դուրս եկել, այլ ձայնագրություններ են արվել, ինչն անթույլատրելի է պարզապես, և դրանից հետո պաշտպանության նախարարին խնդրել, որ մեզ հետ անկեղծ լինի… Բնականաբար, չի լինի: Երևույթը բավականին տհաճ է, առավել ևս, որ հարցը վերաբերում է Ղարաբաղին»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ համամիտ է պաշտպանության նախարարի դիրքորոշման հետ ու չի ուզում ինչ-որ մեկին մատնացույց անել: Նա ենթադրեց, որ տեղեկատվության արտահոսքը եղել է տվյալ պատգամավորի հարաբերությունները ԶԼՄ-ի հետ բարձր պահելու համար:

«Չեմ կարծում, որ հատուկ վատ նպատակով է եղել, որ հասնի մեր թշնամուն և այլն»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

*

*