Ընտրողների ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ

Մատների թանաքավորման և ընտրողների նախագրանցման մեխանիզմները չեն գործելու առաջիկա ընտրություններին...

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը հերթական նիստում ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ որոշում է ընդունել: Ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այս մասին ասաց նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Որոշման համաձայն՝ ընտրական օրենսգրքում կսահմանվեն այնպիսի փոփոխություններ, համաձայն որոնց ընտրողների ցուցակից կհանվեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ  չունեցող մարդիկ: Մինչ այդ շատերը, ովքեր անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունեին և նույնիսկ երկրից դուրս էին, շարունակում էին մնալ ընտրողների ցուցակում»,-ասաց Իոաննիսյանը:

Ընտրական ցուցակներից դուրս կմնա 198 000 մարդ: Իոաննիսյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ այդ 198 000-ի ավելի քան 90 տոկոսը վաղուց Հայաստանում չի գտնվում: Այնուամենայնիվ, կիրականացվեն հանրային արշավներ, և ովքեր միգուցե Հայաստանում են, սակայն չունեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ, կդիմեն և ընդամենը 1000 դրամ վճարելով՝ կստանան նոր անձնագիր: Իոաննիսյանի կարծիքով՝ կլուծվի նաև անձնագրի շատ հին նկարից մարդուն դժվարությամբ նույնականացնելու խնդիրը:

Նա նշեց նաեւ, որ մատնահետքերով նույնականացման, մատների թանաքավորման և ընտրողների նախագրանցման մեխանիզմները չեն գործելու առաջիկա ընտրություններին:

«Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ մատնահետքերի միասնական  առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններում իրատեսական չէ, քանի որ կառավարության ծրագրով սահմանված ժամկետում հնարավոր չի լինի պատշաճ կազմակերպել այն: Հանձնաժողովը մերժեց նաև գունավոր և անգույն թանաքով մատների թանաքոտման մեխանիզմը, քանի որ այն ռիսկեր է պարունակում: Մերժվեց  նաև ընտրողների նախագրանցման ինստիտուտի գաղափարը»,-ասաց Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ դրանք կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին: Սակայն 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակված դիտորդական առաքելությունների զեկույցներից ոչ մեկում բարձրացված լուրջ խնդիրների ցանկում չկա կրկնաքվեարկության խնդիր: Հանձնաժողովը քննարկում է կրկնաքվեարկությունների կանխման լրացուցիչ մեխանիզմների ներդրման հնարավորությունները: Սակայն Իոաննիսյանը  հստակեցրեց, որ դրա նպատակը  ոչ թե կրկնաքվեարկությունների  թիվը նվազեցնելն է, քանի որ դրանք արդեն անցյալում են,  այլ հանրությանը լրացուցիչ վստահության հիմքեր տալը:

«Հանրությունն էլ ավելի վստահ պետք է լինի, որ կրկնաքվեարկություններ չկան: Քաղաքացին վստահ պետք է լինի, որ իր քվեն տեղ է հասնում»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց, որ նման մեխանիզմներ դեռևս կքննարկվեն, սակայն դրանք լինելու են արդեն եղածին լրացնող մեխանիզմներ:

*

*