Վարչապետին զեկուցվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն...
nist

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Վարչապետը կարևորել է գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը:

«Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Նրանց բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելը մեզ համար կարևորագույն խնդիր է: Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն այս միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը մեր երկրի հեղինակության և պատվի հարցն է, նույնիսկ պատճառաբանված թերացումներն անընդունելի են, ու մենք պետք է կարողանանք միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները վարչապետին զեկուցել են ենթակառուցվածքների ապահովման և տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և նշել, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան և ծագող խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ: Միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով ներգրավվելու են նաև ֆրանսախոս կամավորականներ:

Երկօրյա գագաթաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու համար:

*

*