Նիկոլ Փաշինյանը գոհ է Վիգեն Սարգսյանից

«Ես ուրախ եմ, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը...»
nikol-pashinyan

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ողջունում է այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Չինաստանում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու հայտարարության նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ:

«Մենք ողջունում ենք, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները երբեմն ականջալուր են լինում ընդդիմության բարձրաձայնած հարցերին: Ես ուրախ եմ, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Չինաստանում՝ թեկուզ փոքր, բայց պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը չպետք է միայն ռուսական զենքից կախված լինի, հատկապես այն պարագայում, երբ Չինաստանը երաշխավորում է, որ կարող է ապահովել  զինված ուժերի սպառազինությունը՝ սկսած կոշիկներից մինչև ամենաարդիական զինտեխնիկան:

Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ իրենք դնում են միայն ԵԱՏՄ կազմից Հայաստանը դուրս բերելու հարցը, սակայն երբեք չեն խոսում ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀՀ-ում ռուսական ռազմաբազան հանելու մասին:

*

*