ՀՀ վարչապետը և Ուրուգվայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային։
nikol-pashinyan-rodolfo-nin-novoa

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 14-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ուրուգվայի ԱԳ նախարարի այցը Հայաստան կխթանի երկկողմ կապերի զարգացումը, և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը, որի բացումը տեղի է ունենալու այս շաբաթվա ընթացքում, վկայում է  Հայաստանի և Ուրուգվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Վարչապետը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ գնահատանքով է վերաբերվում և խորապես երախտապարտ է Ուրուգվային՝ Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես (1965 թ.) ճանաչելու և այդ քայլով Ցեղասպանության ճանաչման գործընթացում բացառիկ ներդրում ունենալու համար:

Ուրուգվայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուրուգվայը կարևորում է Երևանում գլխավոր հյուպատոսության հիմնումը, որը կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանը: Նա նշել է, որ Ուրուգվայը կանգնած է Հայաստանի կողքին Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և շարունակելու է ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Ուրուգվայի ԱԳ նախարարն ընդգծել է՝ Ուրուգվայի հայ համայնքը հսկայական դեր է խաղում այդ երկրի զարգացման և հայ-ուրուգվայական բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է համատեղ աշխատել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը կոնկրետ արդյունքներով տնտեսական հարաբերությունների վերածելու ուղղությամբ: Ուրուգվայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել Հայաստանի վարչապետի հետ՝ նշելով, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ կա համագործակցելու մեծ ներուժ:

 

*

*