«Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք». Նիկոլ Փաշինյան — Երկիր Մեդիա

«Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք». Նիկոլ Փաշինյան

«Բոլորս պաուզայի կարիք ունենք»
nikol-pashinyan4

«Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ, քրեակատարական հիմնարկների դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ»,- այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր»-ին ազատ արձակելու մասին հարցին:

«Կան ընթացակարգեր, կան մարմիններ, որոնք բոլոր հարցերը կլուծեն»,- ասաց նա`  միաժամանակ նշելով, որ պետք է հստակ ձևակերպվի, թե ում դեմ է արվում այդ ամենը:

«Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, երբ ձևակերպված չէ, թե ում դեմ է այն արվում»,- հավելեց վարչապետը` միաժամանակ շեշտելով հանրային համերաշխության վերաբերյալ իր մոտեցումը:

Անդրադառնալով Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին ու կառավարության դիմաց հավաքված անձանց խնդիրներին՝ Փաշինյանը նշեց, որ հանգիստ պայմաններում է պետք հարցերը առաջադրել ու զբաղվել դրանց լուծմամբ: «Իհարկե, այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք»,- ասաց վարչապետը:

 

 

*

*