Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: Այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ նա պատրաստ է դիմակայել իր այն քաղաքական հակառակորդներին, որոնց կարծիքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը, որից հետո, սակայն, հնարավոր է, այլ վարչապետ ընտրվի:
«Նրանք ասում են՝ թողնենք, հրաժարական տա, հետո արագ այլ վարչապետ կընտրենք: Քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանը կարող է որոշում ընդունել ինքնալուծարման մասին»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ այդ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է ժողովրդի համաձայնությունը: