Ռազմարդյունաբերական համալիրը պետք է համապատասխանի ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ այն կառավարության համար ունի մի քանի առանցքային նշանակություն
Nikol-pashinyan,-razmaardyunaberutyun

Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է համապատասխանի ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին:

Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երկարաժամկետ իմաստով մենք նաև պետք է տեխնոլոգիական նախաձեռնություններ ցուցաբերելու, տեխնոլոգիական նորարարություններ արտադրելու հնարավորություն ունենանք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերական համալիրը կառավարության համար ունի մի քանի առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ: «Առաջինը, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմարդյունաբերական համալիր. դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք: Մեր երկրի անվտանգության կարիքները ակնհայտորեն բերում են այդ մտքին: Երկրորդը Հայաստանի տնտեսության զարգացումն է, Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականը: Իսկ ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած ենթադրում է որակավորում, այսինքն՝ բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ և այսպես շարունակ: Եվ, իհարկե, արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է, և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա: Եվ այս խնդիրների համալիր լուծելու համար է, որ մենք ստեղծել ենք նոր՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն. իհարկե, առաջին հերթին նկատի ենք ունեցել ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ մինչև այդ ռազմավարական նպատակներին հասնելը  պետք է կարողանանք մեր ներքին կարիքները հաշվի առնելով,  ռազմարդյունաբերական համալիրի  համար ապահովել որոշակի ներքին շուկա: «Պետք է կարողանանք ապահովել պետական պատվերներ, որպեսզի այդ համալիրը կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանալ և կարողանա մրցունակ արտադրանք տալ: Սա մեր ամենակարևոր նպատակադրումն է՝ որպես ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նախնական փուլ: Իհարկե, ցավոք, այս ընթացքում այս ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է գնացել: Ես նկատի ունեմ պետական պատվերի ոլորտը, և, մենք այստեղ քաղաքական նպատակադրումը ձևակերպելով, պետք է խնդիրը խորությամբ հասկանանք և համապարփակ: Ասելով, որ ռազմարդյունաբերական համալիրի համար պետք է պետական պատվեր ապահովենք՝ մենք նկատի ունենք, որ դրա նպատակը պետք է լինի ոչ թե ուղղակի համալիրը պահելը, այլ աջակցելը, որ այդ համալիրը մրցունակ դառնա նաև արտաքին շուկաներում»,- ասաց Փաշինյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ

*

*