ՀՀ վարչապետը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Կառավարության ղեկավարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք հարցերի
nikol-pashinyan-handipum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ:

Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը: Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներչկայացուցիչների մի շարք հարցերի, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ հանրային վերահսկողության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական ոլորտում, ոստիկանության և ընդհանրապես պետական կառավարման համակարգերում բարեփոխումների իրականացմանը, այդ ուղղությամբ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաև հետագայում նման հանդիպումների կազմակերպման ձևաչափերի շուրջ և ընդգծել, որ դրանք կնպաստեն երկկողմ փոխգործակցությանը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործին:

*

*