Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Վարչապետը հանդիպել է հայ գործարարների հետ
nikol-peterburg1111 (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ։

Հիշեցնենք, որ նա վաղը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

ՀՀ վարչապետին դիմավորեցին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Մետյանինան, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և այլք:

Այժմն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ գործարարների հետ։

«Ուզում եմ ներկայացնել ձեզ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, եւ հասկանալ նաեւ, թե դուք ինչպես եք դա ընկալում։

Նախ ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել գործունեություն ծավալել Հայաստանում, որովհետև նախկին խոչընդոտները վերացված են։ Հիմա Հայաստանում ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, բայց դա չի կարող պայքար լինել բիզնեսի դեմ։

Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, խոստանում ենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, բացառում ենք նաեւ պետական ապարատի կողմից նախկինում գործող արատավոր երևույթը, երբ «նալոգ» է դրվում։ Բիզնեսն այսուհետ Հայաստանում որևէ կոռուպցիոն պարտավորությււնից ազատված է։

Դուք միշտ էլ մեծ գումարներ ուղարկել եք հայրենիք, հիմա մենք հրավիրում ենք, որ գաք՝ եւ դուք շահույթ ստանաք, եւ ժողովրդին օգուտ բերեք։

Մենք չենք առաջարկում, որ ձեր բիզնեսն այստեղից Հայաստան տեղափոխեք, պարզապես փորձեք ձեզ համար անվտանգ կետից, որ եթե չստացվի էլ, առանձնապես մեծ ողբերգությււն չլինի, թեև վստահ եմ, որ ամեն ինչ էլ կստացվի»,-հանդիպման ժամանակ մասնավորապես նշեց ՀՀ վարչապետը։

Նա հիշեց իր հին հումորներից մեկը՝ ինչո՞ւ մարդիկ մեծ գումար են ներդնում, բայց ասենք եկեղեցի են կառուցում, ոչ թե գործարան, պատասխանը՝ որովհետև եկեղեցին միակ տեղն է, որ Սաշիկը չի ասի՝ 50 տոկոսն իմն է։ «Հիմա Հայաստանում իրավիճակ է փոխվել եւ ես ուզում եմ, որ դուք այն նախ ընկալեք որպես հայրենիք, հետո արդեն շահույթ ստանալու վայր, որտեղ նաև աշխատատեղեր կստեղծեք եւ բյուջեն էլ կլցնեք։

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա, Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու, և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը »,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մենք կանխատեսում ենք՝ կառավարությունը կձախողի թե ոչ, թե ուզում ենք կամ չենք ուզում, որ կառավարությունը ձախողի: Էյֆորիան որ անցնի, էլի էն բանն է լինելու, թե նստենք սպասենք՝ երբ է իշխանությունը ձախողելու: Չի լինելու ձախողում, իզուր մի սպասեք, լինելու է հաջողություն հաջողության հետեւից, Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ հաջողելու է, ներքին իշխանության մեջ ժողովրդի մեծամասնության վստահությունն ունի: Եկեք Կիկոսի մահի ողբը չանենք մեր հեղափոխության վրա: Ասում են՝ բա երկու ամիս անցավ՝ Սինգապուր չդարձանք: Կիկոսի մահի վիճակն է, էսօրվանից քելեխն ուտում են, որ էս իշխանությունը էսպես կլլինի, էնպես կլինի:

Երբ եկա Հանրապետության հրապարակ վարչապետ ընտրվելուց հետո ասացի, որ դուք հաղթել եք ոչ թե նրա համար, որ ես վարչապետ եմ, այլ դուք եք այդպես ուզել: Քանի ժողովրդի վստահությունն ունեմ, կլինեմ վարչապետ, երբ զգամ, որ չունեմ, ինձ համար դժվար չի ռյուկզակս վերցնել՝ գնալ տուն եւ ուրիշ գործ անել:

Ես երաշխավորում եմ, որ ՀՀ վարչապետը կոռուպցիոն գործարքի մեջ չկա ու չի լինելու, մենք խաղի հավասար կանոններ ենք ստեղծում բոլորի համար: Էն ժամանակ ասում էինք՝ քայլ արա, հիմա էլ ենք ասում քայլ արա, մենք մեր քայլն արել ենք, ձեր հերթն է: Դուք հսկայական գումարներ եք ծախսել բարեգործության վրա, եկեղեցիներ եք կառուցել, որ փայ մտնող չլինի, հիմա այլ իրավիճակ է: Բարեգործության փառաբանումը աշխատանքի փառաբանումով պետք է փոխարինենք: Մարդկանց պետք է ի ցույց դնենք, որ մրցունակության նախկին կանոնները փոխվել են՝ որ այս մեկի բարեկամն ես, մյուսին «գցել ես» եւ այլն: Եթե ամեն օր քո մասնագիտական մակարդակն ավելի բարձր չէ, քան նախորդ օրը, դու հաջողություններ չես ունենալու: Երեխան պետք է հասկանա, որ կրթության որակը շատ կարեւոր է, պետությունն էլ պիտի ամեն ինչ անի, որ կրթությունը հասանելի լինի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

nikol-peterburg555 (1)

nikol-peterburg444 (1)

nikol-peterburg3333 (1)

 

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*