Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:
nikol-pashinyan-pariz-eluyt

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պետությունների և կառավարությունների հարգարժան ղեկավարներ, տիկնայք և պարոնայք

Մենք այստեղ ենք հավաքվել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը:

Այսօր մենք` որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին:

Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին և հաղթանակին: Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, և, ի վերջո, հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը:

Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*