Այնպես պետք է անել, որ 2 գերատեսչություն նույն հարցով չզբաղվի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետն անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին․․․․
nikol-pashinyan

Ընդունված է, որ կառավարման համակարգում լինի 9-11 աշխատողին 1 ղեկավար, իսկ մեր դեպքում 3-5 աշխատողին 1 ղեկավար է բաժին ընկնում: Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կան օղակներ, բաժիններ, որ ունեն ղեկավարներ, բայց չկան ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Սրա արդյունքում հանդիպում ենք այլ խնդրի․ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում: Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է: Բայց ասել, որ օպտիմալացումը փող խնայելն է, սխալ է»,-նշել է նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այնպես պետք է անել, որ 2 գերատեսչություն նույն հարցով չզբաղվի։

Վարչապետը նշել է, որ փոփոխությունների արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ծառայողական ավտոմեքենաներ, իսկ խնայված միջոցները կուղղվեն արվեստի զարգացմանը:

Խոսելով կրթության, գիտության և մշակույթի նախարարությունների միավորման մասին, Փաշինյանը բերել է միջազգային օրինակը՝ նշելով, որ մի շարք երկրներ, որոնք տնտեսական առաջընթաց ունեն, այդ փորձն արել են:

Խոսելով սփյուռքի նախարարության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել, որ նախարարության փակվելու թեման քննարկվում է, քանի որ շատ կարևոր գործառույթներ կան, որ նախարարությունն իրականացնում է սփյուռքում:

Ըստ վարչապետի՝ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգվի վարչապետի աշխատակազմի կողմից: «Այստեղ առաջանում է խնդիր՝ իսկ ո՞վ է համակարգելու այն, մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը սփյուռքի հետ հարաբերությունների գծով կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ: Այսպես մենք կունենանք սփյուռքի հետ հարաբերությունների նոր մակարդակ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

*

*