Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը

«Ես չեմ ասում՝ վայ, ես չեմ հանդիպի»
varchapet-arandznatun2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ: «Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել ինձ հետ քննարկելու որոշ հարցեր, ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն, հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը: Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին: Այսինքն` այն, ինչ հայտնել է, ամեն ինչ հայտնի էր ինձ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետ դառնալուց հետո հենց առաջին գործերից մեկը եղել է այն, որ ամբողջական տեղեկություններ է ստացել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Ես անգամ այդ հարցով հրավիրել եմ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Չեմ բացառում, որ ապագայում էլ նման հանդիպում լինի: Իսկ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե մտադիր չէ՞ հանդիպել նաև ՀՀ մյուս նախկին նախագահների հետ, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Առաջին նախագահը ցանկություն է ունեցել հանդիպելու: Եթե այլ ցանկություններ կլինեն հանդիպելու՝ ես կքննարկեմ: Ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց չեմ բացառում, որ մի X պահի հնարավոր է նաև նման անհրաժեշտություն ծագի: Ես չեմ ասում՝ վայ, ես չեմ հանդիպի»:

*

*