Վարչապետը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ

...մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:
handipum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատների՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանի, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանի, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանի և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանի հետ:

Դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ անդրադառնալ կառավարության վերջին նիստում ընդունված որոշմանը՝ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի: Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում»:

Մարտի 1-ի զոհերի հարազատները նշել են, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույսեր են կապում վարչապետի, կառավարության գործունեության հետ և համոզմունք  են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել և լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:

Վարչապետը և Մարտի 1-ի զոհերի հարազատները մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

*

*