«Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաև զինվորների ուտելիքը գողանալու մեջ». Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ-ն շուտով նյութեր կհրապարակի կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ
nikol-pashinyan-aj (3)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլև զինվորներին հասանելիք ուտելիքն ու տրվող օգնությունը գողանալու մեջ:

«Իշխանությունը պահելու համար մենք որևէ անսկզբունք ու ապօրինի կոմպրոմիսի կոռուպցիայի ոլորտում չենք գնա: Ուզում եմ հստակ արձանագրել, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ: Ձերբակալությունը կապված է նաև այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների համար հավաքագրված օգնությունը յուրացնելու և գողանալու մեջ: Նա կասկածվում է նրանում, որ, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել իր արջերին ու վագրերին: Հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ու բանակին ուղարկված օգնությունները, և այդ կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանն ու նրան պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքներով»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ոչ ոք չի հերքում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված օգնությունները գողանալ և դրանով կերակրել սեփական կենդանիներին: «Սրանից բացի կասկածներ կան, որ Մանվել Գրիգորյանի կողմից յուրացվել են բանակի համար նախատեսված տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ ավտոմեքենաներ: Այսօր, երբ մեր բանակը սպառազինությունների հետ կապված խնդիր ունի, ինչու պետք է մասնավոր մի անձի ենթակայության տակ ահռելի քանակությամբ զենք լինի»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ իր վարչապետության օրոք նմանատիպ ապօրինությունները տեղ չեն ունենալու և չեն հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ովքեր են կապված այդ ապօրինությունների հետ՝ հերոսներ, թե վարչապետի ընտանիքի ներկայացուցիչներ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները