Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրեց Հայաստան

«Հույս ունեմ Ձեզ առաջիկայում տեսնել Երևանում»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրեց այցելել Հայաստան:

Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հետաքրքիր և բովանդակալից այց կունենա Վրաստանում:

«Պարոն վարչապետ, հույս ունեմ Ձեզ առաջիկայում տեսնել Երևանում, որպեսզի մենք կարողանանք շարունակել այս բարեկամական տրամադրությունն ու մթնոլորտը»,- դիմելով Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Վրաստանը մասնակցելու է ամենաբարձր մակարդակով:

«Մենք, իհարկե, շփվելու շատ առիթներ կունենանք, սակայն ես կարծում եմ, որ մենք չպետք է բավարարվենք դրանով և պետք է անընդհատ նորանոր առիթներ փնտրենք իրար տեսնելու, իրար ժպտալու, իրար հետ խնդիրներ քննարկելու և բոլոր հարցերը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկելու համար: Ողջունում եմ եղբայրական վրաց ժողովրդին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները