«Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները»․ Արմեն Ռուստամյան

Ավարտվեց ՀՅԴ խմբակցության ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Ավարտվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մասնավորապես նշեց․ «Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները եւ լուրջ տարաձայնություններ չունենք․․․Ես ոչ մի բան չեմ բացառում, այս իրավիճակում որեւէ բան բացառելը անմտություն է»։

Արմեն Ռուստամյանը կարևորեց Հայաստանում արտահերթ ընտրությունների ողջամիտ ժամկետներում անցկացումը: Նա նշեց, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրությամբ նախանշված ճանապարհով: «Արտահերթ ընտրությունները նույնպես պետք է սահմանադրորեն նախանշված դրույթներով ընդունվեն: Այսինքն` ժամկետները պետք է լինեն ողջամիտ և պետք է կարողանանք միասին, համախոհությամբ այդ հարցը լուծել»,- ասաց նա:

Ռուստամյանի կարծիքով` պետք է այնպիսի ընտրություններ կազմակերպել, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վաղը վարչապետ կունենանք, Ռուստամյանը հույս հայտնեց, որ այո, քանի որ «մեր հիմնական մտահոգությունը ղարաբաղյան ճակատին է վերաբերվում։ Որքան երկարի այս չհանգուցալուծված այս իրավիճակը, այդքան մեր երկիրն է թուլանում, այնքան թշնամու ախորժակն է մեծանում»։

Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ դուրս եկան կոալիցիայից, Ռուստամյանը պատասխանեց, որ դրա համար երկու պատճառ կար: «Կոալիցիայից դուրս ենք եկել, քանի որ կոալիցիոն հուշագիրն այս ֆորսմաժորային իրավիճակում չէր գործում, և որ մենք կարողանանք ինքնուրույն մեր կարևորած ծրագրերն ու մարտավարությունը իրականացնել: Մենք չենք կարող այն դաշտի մեջ լինել, որտեղ գրված է, որ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հանրապետականին: Որպեսզի սատարենք մեզ համար ընդունելի, ժողովրդի կողմից վստահություն վայելող թեկնածուին, նախ պետք է դուրս գայինք այդ հուշագրով սահմանված կաշկանդումից: Սա հնարավորություն տվեց, որ ՀՅԴ-ն մտնի այս պրոցեսի մեջ: Ժամանակը կգա, կտեսնեք, որ Դաշնակցությունն այստեղ խաղացել է կարևորագույն, լրջագույն դեր»,- եզրափակեց պատգամավորը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ չկան, հակադրության մասին  խոսք չկա, որովհետև քաղաքական ուժերը հասկանում են, որ կա քաղաքական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտություն:

«Մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Փիլիսոփայությունն այն է, որ պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է հետագա գործողությունների վերաբերյալ, Փաշինյանն ասել է, որ հետագա գործողությունները, զարգացման սցենարը կախված է վաղվա իրադարձություններից, ինչից հետո շարունակությունը կքննարկվի:

*

*