Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Երկշաբաթյա ժամկետում վարչապետ չընտրվելու դեպքում 6-րդ գումարման Ազգային ժողովը կդադարի գործել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

«Այսօր ես հրաժարական եմ տալիս, և նպատակը ոչ թե ձեր առաջ ստանձնած  պատասխանատվությունից  փախչելն է, այլ հակառակը` հեղափոխությունը ավարտին հասցնելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի հրաժարականից հետո ՀՀ նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, 14 օրվա  ընթացքում  երկու անգամ վարչապետ չի ընտրվում, որից հետո ԱԺ-ն արձակվում է, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական  ընտրություններ: Այդ ընթացքում վարչապետը շարունակելու է կատարել իր պարտականությունները:

«Եթե ժողովուրդը վստահության քվե տա, ես կվերընտրվեմ վարչապետի պաշտոնում»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ՝ «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ իր հրաժարականին հաջորդող 14 օրերի ընթացքում  Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին շրջափուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով:

Հիշեցնենք, որ երկշաբաթյա ժամկետում վարչապետ չընտրվելու դեպքում 6-րդ գումարման Ազգային ժողովը կարձակվի օրենքի ուժով։

*

*