Վարչապետ Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հարցեր

Վաչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ։
handipum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Վաչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում երկուստեք կարևորել են տարբեր ոլորտներում կապերի ընդլայնումը, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ, ինչը վկայում է երկու երկրների և ժողովուրդների ամուր կապերի մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, բիզնես կապերի խորացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերություններին ու փոխգործակցության ընդլայնմանը:

*

*