Մեզ կհաջողվի միջազգային գործընկերների հետ ձևավորել վստահելի դատական համակարգ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին․․․
pashinyan-handipum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ:

Վարչապետն ասել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

Ներկայացնելով մեկ տարվա աշխատանքի իր գնահատականը՝ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է տնտեսական խնդիրներին, դրանց տրված լուծումներին և արձանագրված արդյունքներին: «Առաջին խնդիրը, որ ունեցել ենք տնտեսական առումով, մակրոտնտեսական կայունության պահպանումն է: Եվ ոչ առանց դժվարությունների մենք այս խնդիրը կարողացանք լուծել, որովհետև նախորդ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս անց, մենք ռեցեսիոն շեմին մոտեցանք, և տնտեսական իրավիճակը կարող էր լարվել: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ նեգատիվ միտումները, և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Պետք է ասեմ, որ թեև այս աճի ծավալը մեզ գոհացնում է, բայց մենք հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխության վիճակագրությունը մի փոքր ավելին է: Առնվազն մենք պետք է փորձենք, կարողանանք 2-3 տոկոսով ավելացնել մեր տնտեսական աճի տեմպը:

Տնտեսության մեջ հետաքրքիր միտումներից կարող եմ առանձնացնել ստվերային տնտեսության կրճատումը: Ըստ էության, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանք այն աշխատատեղերն են, որոնք գործատուներն իրենք են հայտարարագրել հարկային մարմիններում, այսինքն՝ սրանք ոչ թե վերլուծության արդյունք են, ինչպես հաճախ մեր քաղաքական մրցակիցները փորձ են անում ներկայացնել, այլ կոնկրետ գործատուների, բիզնեսի կողմից հայտարարագրված ցուցանիշներ, որոնք նրանք ներկայացրել են հարկային մարմիններին, որը նրանց համար առաջացրել է հարկային պարտավորություններ: Եվ մեր գնահատականն այն է, որ այս 51 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղերն են նախորդ տարվա ընթացքում: Դա ստացվում է մոտավորապես 10 հազար աշխատատեղ, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ:

Հաջորդ ցուցանիշը, որի մասին ես կուզենայի նշել,  պետական բյուջեի եկամտային մասի գերակատարումն է: Մենք արդեն հայտարարել ենք, որ այս տարվա պետական բյուջեն 62 մլրդ դրամով առնվազն գերակատարելու ենք: Դա մոտավորապես 130 մլն դոլար է: Եվ այստեղ էլ, երբ ես առաջին անգամ այս մասին հայտարարեցի, ասվում էր, որ դեռ տարին կավարտվի, կտեսնենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Բայց ես ուզում եմ ասել, որ մենք իրականում մի փոքր խորամանկություն ենք արել և գործնականում արդեն ունենք այդ թիվը: Եվ կասկած չկա, որ մինչև տարեվերջ պետական բյուջեի գերակատարման ծավալները կլինեն շատ ավելի մեծ:

Հաջորդ ցուցանիշը, որ կուզենայի նշել, առևտրի ոլորտին է վերաբերում: Անցած տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս մեր երկրում 84 մլն ՀԴՄ ավելի է տպվել, քան նախորդ տարի, ինչը նշանակում է, որ այսքան ավելի գործարք տեղի է ունեցել և տեղի է ունեցել ոչ ստվերում, ինչն ապահովել է մեր հավելյալ բյուջետային եկամուտների մի զգալի մասը:

Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են: Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար: Բայց կա նաև համոզմունք և գիտակցում, որ առանց իրապես անկախ դատական համակարգի մենք այս խնդիրը լիարժեք չենք լուծի, որովհետև ցանկացած ներդրող ուզում է իր ներդրումների, ձեռք բերած սեփականության անվտանգություն, իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել միայն իրապես անկախ դատական համակարգը, որը հիմնվում է օրենքների վրա, և սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են», — ասել է կառավարության ղեկավարը:

Ինչ վերաբերում է քաղաքական առումով հաջողություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 հիմնական արդյունք է առանձնացրել: «Առաջինն այն է, որ մենք քաղաքական առումով նույնպես կարողացել ենք մեր երկրում ապահովել կայունություն և բնականոն ժողովրդավարական զարգացումներ, և, ի վերջո, ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ, և դա շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար: Այսպիսի բան մեր երկրում տեղի չէր ունեցել, առնվազն խորհրդարանական ընտրությունների մասով: Իհարկե, խորհրդարանական ընտրությունների հետ կապված կարող եմ ասել, որ ես ինքս հույս ունեի, որ խորհրդարանում ներկայացված ուժերի թիվը շատ ավելի մեծ կլիներ, բայց մարդիկ ընտրեցին այնպես, ինչպես ընտրեցին, և կարծում եմ, որ այսօր էլ խորհրդարանում ներկայացված է այն քաղաքական ներկապնակը, որը պետք է ներկայացված լիներ: Եվ մենք միարժեքորեն համարում ենք սա մեր ամենամեծ քաղաքական ձեռքբերումը, որ մեզ հաջողվել է ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություն անել:

Ես դեռ շատ երկար ժամանակ առաջ մի քանի անգամ ընդգծել եմ իմ ելույթներում, հոդվածներում, երբ դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, որ ընդհանրապես ժողովրդավարական իշխանության ամենամեծ առաքելությունը ոչ միայն ազատ, արդար ընտրություններով իշխանության հասնելն է, այլև ազատ, արդար ընտրություններով իշխանությունից հեռանալը: Եվ այս առումով կարծում եմ, որ մենք որևէ կերպ չենք կարող և չենք շեղվի այս տեսլականից, որովհետև նախկինում էլ բազմիցս դա համարել եմ անձամբ իմ ամենամեծ քաղաքական առաքելությունը: Թե ինչքան դա կտևի, արդեն քաղաքական գործընթացների և ժողովրդի որոշելիքն է», — շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Շարունակությունը՝ այստեղ։ 

*

*