«Ամուլսարի հանքը շահագործվելու է շատ բարձր՝ Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական չափանիշներով». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի սպասված պատասխանը հնչեց
nikol-pashinyan (2)

Ամուլսարի հանքը շահագործվելու է, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում քաղաքացիական հասարակության անհնազանդության դրսեւորումները։ Այդ հայտարարությունը վարչապետը 1 ժամ 21 րոպեանոց ելույթով հիմնավորել է ընտրություններում իրենց լեգիտիմությամբ։

Նախապես խոստացված ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ «Ամուլսարի շահագործման որոշման հիմքը պայմանավորված է շատ բարձր՝ Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական ստանդարտներով»: Իբրեւ գրավական՝ «Լիդիան» ընկերությունը համաձայնել է ընդունել «Էլարդ» միջազգային ընկերության առաջարկած՝ բնապահպանական ռիսկերի մեղման 16 միջոցներից 15-ը, որոնցից 10-ն ընկերությունն արդեն իսկ կիրառում էր:

«Եթե հանքի շահագործումը ռիսկային լիներ Հայաստանի ջրային ռեսուրսների համար, ապա հանքը չէր շահագործվի: Սակայն միջազգային փորձաքննությամբ եւ քննչական կոմիտեի եզրակացությամբ արձանագրվել է, որ ռիսկերը կառավարելի են, եւ նույնիսկ մեկ լիտր աղտոտված ջուր չի լցվի մեր ջրային պաշարների մեջ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի ուղիղ եթերային ելույթին զուգահեռ սոցցանցերը լցված էին բազում մեկնաբանություններով՝ դատապարտումներից մինչեւ կատակներ եւ զորակցական խոսքեր։ Գրեթե մեկ տարի տեւած սպասումն արդեն մոտ է հանգուցալուծմանը՝ Ամուլսարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շահագործվելու է։

*

*