Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիեւի հետ հանդիպումից

«Ես ուղղակի շատ կարևոր եմ համարում արձանագրել` այդպես ստացվեց»
pashinyan-aliev-davos

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 22-ին Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ:

Հունվարի 23-ին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց երեք հանդիպումների քննարկման բովանդակությունը կապված է բանակցային գործընթացի պատմության հետ:

«Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ընդամենը մտքեր ենք փոխանակել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` իր և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախատեսված չէր:

«Մենք ուղղակի այլ միջոցառման առիթն օգտագործեցինք: Այդպես ստացվեց, ես ուղղակի շատ կարևոր եմ համարում արձանագրել` այդպես ստացվեց: Դավոսի կազմակերպիչները,  իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, մեզ հարցրել են` արդյոք դեմ չենք հանդիպմանն ու շփմանը, մենք ասել ենք, որ ոչ և ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել, զրուցել ենք ու քննարկել: Այդ հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ ընդհանուր առմամբ, եթե նույն տեղում գտնվենք, առնվազն չխուսափենք որևէ շփումից»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ իր և Ալիևի հանդիպման մեջ դավադրություն փնտրել պետք չէ. երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության շահերից:

*

*