ԱԺ-ն այսօր վարչապետ կընտրի. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշում են կայացրել մայիսի 8-ին անհրաժեշտ թվով ձայն ապահովել
nikol-pashinyan-aj (1)

Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստի օրակարգում կլինի վարչապետի ընտրության հարցը:

ԱԺ «Ելք», «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունների կողմից 41  ստորագրությամբ կրկին առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ով միակ թեկնածուն է:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:

Մայիսի 1-ին կայացած ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը 45 կողմ և 56 դեմ ձայներով չընտրվեց վարչապետ

Մեծամասնություն կազմող «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն կօժանդակի բավարար ձայների քանակով, որ ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ:

Իսկ երեկ՝ մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի և ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշում են կայացրել մայիսի 8-ին անհրաժեշտ թվով ձայն ապահովել՝ որպեսզի պատգամավորների 1/3-րդի առաջադրած թեկնածուն ընտրվի ՀՀ վարչապետ։

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:

ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երկրում սկսված ակցիաների պատճառով ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:

 

 

*

*