Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերին. Նիկոլ Փաշինյան

Այլ վարչապետ չի առաջադրվի
aj-02-10

Վարչապետ Փաշինյանի և ԱԺ ներկայացուցիչների միջև շուրջ երկու ժամ տևած բանակցություններից հետո վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբեր ամսին:

Վարչապետը ԱԺ բակում հավաքված բազմության առջև հանդես եկավ ելույթով և մանրամասներ ներկայացրեց խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից: «Ես ասացի, որ լավ կլինի` մենք ստորագրենք փաստաթուղթ, որ էսինչ օրը ես հրաժարական կտամ, մի անգամ տեղի չի ունենա վարչապետի ընտրություն, երկրորդ անգամ էլ տեղի չի ունենա, ինչի արդյունքում էլ դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարծես թե ընկալում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը: Նա նշեց, որ երեք խմբակցություններն էլ իրեն բանավոր հավաստիացրել են, որ, անկախ հուշագրից, չեն պատրաստվում  ո’չ առաջին, ո’չ երկրորդ փուլում առաջադրեն վարչապետի թեկնածու: «Իմ տպավորությունն եմ պատմում հանդիպումից, եթե տպավորությունս սխալ է, խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարող են հետագայում իրենց հարցազրույցներում հերքել, եթե սխալ եմ»,- հայտարարեց նա:

Փաշինյանի հաղորդմամբ՝ խոսք է գնացել այն մասին, թե որն է  հիմնավորումը, որ հիմա պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Ես ասացի, որ ամենագլխավոր պատճառն այն է, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է րոպե առաջ հանգուցալաուծվի: Այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա, և այդ տարբարակը ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ պատգամավորների այն հարցերին էլ, թե ինչու չեն կարող արտահերթ ընտրությունները տեղի ունենալ, օրինակ, մայիս ամսին, ինքը պատասխանել է. «Երկրում բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան, ով մեզ նամակ է գրում, ասում է՝ շուտ արեք արտահերթ ընտրությունները: Ստացվել է այնպես, որ մարդիկ ուրիշ բանով չեն ապրում, արտահերթ ընտրություններ են ուզում: Ես ասացի` գրգռում եք մարդկանց անիմաստ»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նշեց, որ դեկտեմբերի սկզբից ավելի շուտ հնարավորություն չկա ընտրություններ անցկացնելու, որովհետև Սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունը:

Նա նաև նշեց,  որ հրաժարական տված դեպքում էլ շարունակելու է պաշտոնավարել և դա չի խանգարի ֆրանկաֆոնիայի անցկացմանը:

*

*