Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ջանջուղազյանի մասին Մարուքյանի հայտարարությանը

Խորհրդարանը չի հաստատել ֆինանսների նախարարի պաշտոնանկ անելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը։
nikol-pashinyan

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում անդրադարձավ Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին:

«Այսօր իմ բացակայությունն ԱԺ-ում մեկնաբանվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ինձ պաշտոնանկ անելու նախագծի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի. կանոնակարգը որևէ մասնակցություն այս դեպքում ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան կարող է լինել ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման արձագանքները պետք է վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ։ «Եթե այդքան կարևոր է, չեմ կարծում, թե մեծ խնդիր է, եթե մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարելով ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել այդ հարցը։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշել էր, որ նախարար Ատոմ Ջանջուղազյանը պետք է ԱԺ-ում լիներ, որովհետև հարցն իրեն է վերաբերում, և նրա չգալը վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ։

*

*