Կարեն Կարապետյանը չի ընդունել Նիկոլ Փաշինյանի՝ «բանակցություններ»-ի հրավերը

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ:
nikol-banakcutyun-mariot-menak

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարությունը․

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի դրանից, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:

Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:

*

*