Նիդերլանդների սենատի նախագահը ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին

«Ցնցված եմ այն տառապանքներից, որ կրել է հայ ժողովուրդը»
qnol-arpine-cicernakaberd

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Նիդերլանդների Թագավորության սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի եւ ՆԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Անկի Բրուկերս-Քնոլը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։

«Առաջին անգամ եմ թանգարանում եւ խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որ կրել է հայ ժողովուրդը։ Սարսափելի եւ ահավոր է»,-ասել է Նիդերլանդների Թագավորության սենատի նախագահը:

*

*