ՀՀ վարչապետի ելույթը՝ Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը

«Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի Մանդելայի քաղաքական ուղին»․․․
nikol-pashinyan-nelson-mandela

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին: Միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը, որին ներկա են եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքային քննարկումներին մասնակցող բազմաթիվ պետությունների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ինձ համար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը: Մանդելայի կերպարը խորհրդանշում է խաղաղություն և մարդկային արժանապատվություն, միաժամանակ մարմնավորելով աննկուն պայքար և կարեկցանք:

Նրա անունը խորապես արմատավորված է մեր հավաքական հիշողության մեջ որպես ռասիզմի և խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ, արդարության և հավասարության ջատագով:

Տիկնայք և պարոնայք, ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը: Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ:

Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները»:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։ 

*

*